Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով Վեդի-Լանջառ հատվածում՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Գ-ն, ուղևոր՝ Վեդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Հայկ Խ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչներ, 35-ամյա Ռոման Գ-ն ու 31-ամյա Ծերուն Ա-ն տարբեր աստիճանի մարմնական վնսասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։
Մահացածների մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը տեղացած առատ ձյունն ու մերկասառույցն են, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյունից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։