Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսն այսօր Տալլիննում ասել է, որ առևտրականները Թուրքիան, Ղազախստանը և Հայաստանն օգտագործում են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար: Այդ մասին նա ասել է իր էստոնացի և լիտվացի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելուց հետո, հաղորդում է «Ազատությունը»:
Բալթյան երեք երկրները Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների ամենաեռանդուն ջատագովներն են:
«Շատ կարևոր է նկատել այդ սողանցքները, եթե վերլուծում ես վիճակագրությունը՝ տեսնում ես, որ Ղազախստանում, Հայաստանում և Թուրքիայում որոշ բնագավառներում առևտուրը շատ բարձր է աճում, համեմատելի չէ անցյալում գրանցված տվյալների հետ: Ակնհայտ է, որ առևտրականները սանկցիաներին չհետևող այդ երկրներում գտնում են օրինական գործարքներ անելու ուղիներ և հետագայում ապրանքը Ռուսաստան են ուղարկում»,- ասել է Կարինսը:
Լատվիայի վարչապետը կոնկրետ օրինակներ չի նշել: Էստոնիայի վարչապետ Մայա Կալլասն, իր հերթին, առաջարկել է Ռուսաստանի հետ առևտուրը ենթարկել ամբողջական արգելքի: