«Օրենքով գողերը» սկսել են նոր քրեական պատերազմ, հղում անելով վստահելի աղբյուրներին' հաղորդում են որոշ ռուսական լրատվամիջոցներ:

Ըստ այդ չբացահայտվող աղբյուրների, այս տարվա հունվարին սպանված Ասլան Ուսոյանի ակտիվները չեն կարողացել միմյանց հետ կիսել նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան և հանգուցյալի գործընկեր Էդուարդ Ասատրյանը:

Այս երկու «օրենքով գողերը» հավակնում էին Դեդ Հասանի ակտիվներին' առաջին հերթին Կրասնոդարի երկրամասում:

Մարտ ամսին նրանց միջև սկսվեց բաց կոնֆլիկտ: Չանտուրիայի և Ասատրյանի տոհմերը (կլանները) Մոսկվայի ավտոսպասարկման կետերից մեկի տարածքում անցկացրին հանդիպում, որին մասնակցում էր մոտ 100 զինված մարդ: Հաղորդագրություններում նշվում է, որ թեև այդտեղ կրակոցներ չհնչեցին, սակայն «Օրենքով գողերը» միմյանց հետ ունեցան իսկական տուր ու դմփոց, որտեղ, ի վերջո, հաղթեց Չանտուրիայի տոհմը:

Այժմ երկու միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմերը քրեական աշխարհում միմյանց վարկաբեկելու գործողություններով են զբաղված: Դրան զուգահեռ նրանք ուժեր են կուտակում «պատերազմ» սկսելու համար:

«Իրավիճակը շիկանում է ամեն օր և խաղաղ ճանապարհով այդ կոնֆլիկտը արդեն դժվար թե լուծվի», նշում են լրատվամիջոցները' հղում անելով վստահելի և չբացահայտվող իրենց աղբյուրներին:

Հեղինակ:
«Փաստինֆո»