Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Էդուարդ Ս-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա - Գլինկա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 23-ամյա Սվետա Ս․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լամարա Քոչարյանն ու տեղում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նորայր Սարգսյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Պետրոսյանը։ Վիրավորը փաստաբանի կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 41 խմբի բժիշկ Արման Մարգարյանի կողմից կրկնակի հետազոտվել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այդ պահին փաստաբանին, պարեկներին միացել է նաև աշխատանքից տուն վերադարձող ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարներից մեկը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։