Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց Հայաստանի ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 56 միավոր շարժական գույքը նվիրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին՝ Կութի համայնքապետարանի շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացվել ՀՀ ԱԺ աշխատակազմի գրությունը, որով տեղեկացվել է, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ բնակավայրի վարչական շենքում գույքային հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված։ ՀՀ ԱԺ աշխատակազմի գրությամբ տեղեկացվել է, որ օգտագործված շարժական գույք հատկացնելու հարցը փոխհամաձայնեցված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Թովմասյանը գրությամբ նաև տեղեկացրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սանձազերծված լայնածավալ ագրեսիայից որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերի 5-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնք, որի վարչական շենքը (համայնքապետարան) թիրախավորվել և գնդակոծությունների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Շենքի մի մասն առաջիկայում կվերականգնվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ։
Գրությամբ ներկայացվել է նաև նշված գույքի ցանկը և առաջարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու համար օրենքով սահմանված կարգով սկսել համապատասխան գործընթացը։