ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կողմից իրականացվող «Հայաստանում Կլիմա ԻՍՏ պիլոտային ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Ծովակ, Կարճաղբյուր եւ Լճավան համայնքների անասնապահական կոոպերատիվները կամ ֆերմերային տնտեսությունները ձեռք են բերել արեւային սնուցման համակարգերով համալրված շարժական փարախներ, խմոցներ, հովվի տնակ եւ էլեկտրական հովիվ: Ծրագրի ընթացքի դիտարկմանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:


Ինչպես տեղեկացրեց «Հայաստանում Կլիմա ԻՍՏ պիլոտային ծրագրի» տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ-Տեր Զաքարյանը, վերը նշված համայնքներում հովվի տնակներ, շարժական փարախ, խմոցներ եւ արեւային սնուցման համակարգերով աշխատող էլեկտրական հովիվներ անասնապահական տնտեսություններին տրամադրվել են վերջերս, որոնք արոտի շրջանում արդեն լիարժեքորեն կարող են օգտվել այդ հնարավորություններից՝ որոշակիորեն բարելավելով անասունների մթերատվությունը եւ ավելի արդյունավետ օգտագործելով հեռագնա արոտավայրերը:«Շարժական փարախն ընդգրկում է 1 հեկտար տարածություն, որում տեղադրված է նաեւ շարժական խմոց: Փարախում հնարավոր է տեղավորել մինչեւ 100 գլուխ խոշոր եղջերավոր կամ մի քանի հարյուր գլուխ ոչխար: Էլեկտրական հովիվը, որն իրենից ներկայացնում է շարժական մետաղալարե ցանկապատ, անասնահոտին թույլ չի տալիս՝ հեռանալու փարախից, ինչպես նաեւ գիշատիչների մուտքն է հուսալիորեն կանխում փարախի տարածք: Այն լիցքավորվում է արեւային սնուցման համակարգով: Հովվի շարժական տնակը, խմոցը եւս նպաստում են, որ հեռագնա արոտներում մեր տնտեսությունները կարողանան տեղափոխվել ու արդյունավետ աշխատանք կազմակերպել՝ թե հոտի պահպանության, թե ժամանակի տնտեսման, կենցաղային հարմարավետ պայմաններ ունենալու, հեռագնա փարթամ արոտներից օգտվելու առումներով: Շատ կարեւոր է, որ անասունները հնարավորություն ունեն՝ արածել ու գիշերել փարթամ արոտավայրերում՝ օրական մի քանի տասնյակ կիլոմետր քայլելու արդյունքում մթերատվություն կորցնելու փոխարեն: Սա լուրջ օժանդակություն է մեր տնտեսությունների համար»,-նշեց Ծովակի անասնապահական կոոպերատիվի նախագահ Ռուզաննա Հակոբյանը:


Ըստ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավարի՝ երկուական շարժական փարախ, հովվի տնակ, խմոցներ ու էլեկտրական հովիվ են ձեռք բերել Ծովակի եւ Ծափաթաղի, մեկական՝ Կարճաղբյուրի եւ Լճավանի տնտեսությունները:«Սրանով արդեն մեր համայնքին մոտիկ անտառամերձ հատվածները եւ արոտները չեն գերարածեցվի, իսկ հեռագնա արոտները նախկինի պես թերարածեցված չեն մնա: Անասնապահության զարգացումը, անասնապահական մթերքների արտադրության աճը կլինեն նկատելի եւ տեսանելի»,-նշեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը: