Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել են 93,1 տոկոսով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ' Սեւանի տարածքի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 106,7, Մարտունու տարածքի համայնքները՝ 96,5, Գավառի տարածքի համայնքները՝ 96,9, Ճամբարակի տարածքի համայնքները՝ 94,6, եւ Վարդենիսի տարածքի համայնքները՝ 80,2 տոկոսով:

 

«Մարզում կան երկու տասնյակից ավելի համայնքներ, որոնց գերակատարման հաշվին կատարողական միջին ցուցանիշը հասել է 93,1 տոկոսի, սակայն երեք տասնյակին մոտ համայնքներ էլ միշտ ցածր արդյունքներ են ապահովում. այլապես մեր ցուցանիշները կարող էին ավելին լինել, նույնիսկ' նախատեսվածից ավելին:

 

Ինչեւէ, մինչեւ տարեվերջ դեռ մեկ ամիս էլ կա, եւ արվելու է հնարավորը, որպեսզի մարզն ամբողջությամբ կարողանա հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները»,- հավաստիացրեց վարչության պետը:

 

Խոսրով Խլղաթյան