Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահն ապրիլի 17-ին հայտարարել է Ազգային ժողովը (խորհրդարանը) արձակելու որոշման մասին։ Թագաժառանգի հայտարարության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները կկայանան առաջիկա ամիսներին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Հետևելով Սահմանադրության դրույթներին և հարգելով ժողովրդի կամքը՝ մենք որոշում ենք կայացրել արձակել 2020 թվականի Ազգային ժողովը… և առաջիկա ամիսներին անցկացնել ընդհանուր ընտրություններ», - ասված է հայտարարության մեջ։
Թագաժառանգի խոսքով՝ ընտրություններին կհետևեն քաղաքական և իրավական բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն կառավարության և խորհրդարանի միջև տարաձայնությունների հաղթահարմանը, թույլ կտան խուսափել օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից չարաշահումներից, ինչպես նաև ապահովել դատական համակարգի անկախությունը։ Նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ բարեփոխումների մասին է խոսքը։
Մարտի 19-ին Քուվեյթի Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և վերականգնել էր 2020 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրված խորհրդարանի կազմը։
Անցյալ տարի թագաժառանգը հայտարարել էր խորհրդարանը արձակելու մասին՝ այս որոշումը բացատրելով հպատակների կողմից օրենսդիր մարմնի աշխատանքից դժգոհությամբ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։
Խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով Քուվեյթի կառավարությունը երեք տարվա ընթացքում յոթ անգամ հրաժարական է տվել։ Ապրիլի 9-ին երկրի վարչապետ շեյխ Ահմեդ Նավաֆ ալ-Ահմեդ աս-Սաբահը ձևավորել է նոր կաբինետ, որի կազմը հաստատվել է թագաժառանգի հրամանագրով։ Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել 2023 թվականի հունվարին՝ կառավարման անցնելուց հետո ընդամենը երեք ամիս անց: