Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ չնայած Դոնեցկի մարզում Բախմուտի համար ծանր մարտերին՝ Ուկրաինան չի հանձնվի և չի հեռանա այդ քաղաքից։ Այս մասին նա ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը բարդ է, բայց ժողովուրդը պայքարում է և ուժեղանում։ Նա վստահեցնում է, որ ուկրաինացիներն ավելի ուժեղ են, քան մեկ տարի առաջ։
Այժմ ուկրաինական բանակը պատրաստվում է օկուպացիոն զորքերի դեմ հակահարձակման։
«Մեր բանակը պատրաստվում է, և մենք ամեն ինչ անում ենք այն ավելի ուժեղացնելու համար», - ասել է Զելենսկին։
Ինչ վերաբերում է Բախմուտին, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Wagner PMC վարձկանների դեմ, ըստ Զելենսկու, Ուկրաինան չի հրաժարվի այդ քաղաքից։ Թեև որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Բախմուտը ռազմավարական մեծ նշանակություն չունի։
Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է անում բոլորին «այցելել քաղաք՝ հասկանալու, թե ինչ կարող է լինել, և որոնք են սպառնալիքները»։
«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա կօգնի Ռուսաստանի Դաշնությանը ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական ուժերին և «Վագներին» ավելի շատ տարածք գրավել», - ասել է Զելենսկին։
Եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, ապա այն կարող է որպես ցատկահարթակ ծառայել Դոնեցկի մարզում գտնվող երկու մեծ քաղաքներին հասնելու համար, որոնք նրանք վաղուց ցանկանում են գրավել՝ Կրամատորսկը և Սլավյանսկը:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայի վրա, եթե նրան հաջողվի հաղթել։ Ուստի արևմտյան դաշնակիցները նույնպես պաշտպանում են իրենց, երբ օգնում են Ուկրաինայի զինված ուժերին։