Այսօրվանից մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է, հայտնում են նախարարությունից։
Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ոլորտներից որևէ մեկում գործող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ․ դեկտեմբերի 13-ից մինչև 2023թ․ փետրվարի 28-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ ավարտվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի նախարարության կայքում և ֆեյսբուքյան էջում։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. մայիսի 5-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում։
Գրավոր դիմում ներկայացնելու համար անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի առկայությունը պարտադիր է։
Դիմումներն ընդունվում են նախարարության աշխատակազմի Միասնական սոցիալական ծառայություն գործակալության բոլոր տարածքային ստորաբաժանումներում։
Այդ ստորաբաժանումների հասցեներն են.
1. ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.
2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.
3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.
4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.
5. ք. Մարտակերտ, Սախարովի 15։
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով։
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին: