Հրապարակ. Հարցազրույց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանի հետ.
-Պարոն Հարությունյան, Դուք Դավիթ Գալստյանի պաշտպանն եք։ Ձեր վստահորդը մի քանի անգամ կալանավորվել եւ ազատ է արձակվել։ Մարդիկ արդեն դժվար են հասկանում, թե հիմա ինչ գործով է Դավիթ Գալստյանը կալանքի տակ։
-Գործի վերաբերյալ ցավոք սրտի որևէ տվյալ չեմ կարող այս պահին հրապարակել, սակայն կարող եմ ասել, որ գործը այս անգամ ևս կապված է Դավիթ Գալստյանի կողմից մատակարարված ապրանքների հետ։
-Այդ գործի վաղեմության ժամկետը, եթե չեմ սխալվում, լրացել է, սակայն Դավիթ Գալստյանը և Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ են։ Ձեզ հայտնի է, թե ինչու է հենց այս երկու անձ նկատմամբ նման վերաբերմունք։
-Դավիթ Գալստյանի մասով, այո, գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Այդ հիմքով ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, առարկություններ, սակայն դատարաններն անտեսել են առերևույթ առկա այդ հանգամանքը և Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել։ Ավելին, կոնկրետ Դավիթ Գալստյանին վերաբերվող մասով մնացած բոլոր մեղադրյալներին հենց այդ հիմքով չեն կալանավորել։ Մեզ համար անհասկանալի է տարբերակված այս մոտեցումը։
- Դավիթ Գալստյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը այդ գործով։
-Ոչ, մեղադրանքը չի ընդունում, հերքող ապացույցները ներկայացվել են նախաքննության ընթացքում։ Դավիթ Գալստյանի դիրքրորշումը նույնն է։ Բոլոր գործերով Դ․ Գալստյանը բացահայտ հայտարարում է՝ եթե որևէ պաշտոնատար անձ, կամ պետական մարմին, կամ այլ իրավասու անձ գտնում է, որ իր կողմից մատակարարված որևէ ապրանք որակյալ չէ, չի համապատասխանում ինչ որ պահանջներին, կամ պարզապես այլևս պետք չի, առանց քննարկելու նման դիրքորոշման հիմնավոր կամ անհիմն լինելը, Դավիթ Գալստյանը պատրաստ է վերադարձնել իրեն վճարված գումարները և հետ ստանալ իր ապրանքները։ Եթե խնդիրը ապրանքն է, ապա հետ տվեք իմ ապրանքը և վերցրեք Ձեր գումարները։ Այս առումով հատկանշական է, որ կիրառման 10 և ավել տարիների ընթացքում այս ապրանքների մասով երբեք որևէ խնդիր, բողոք չի եղել։
- Եթե վաղեմության ժամկետը լրացած է, եւ եթե ընդունեք մեղադրանքը, ապա Ձեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերանում են, ինչու չեք ընդունում մեղադրանքը։
- Որպես մարտավարական քայլ՝ հնարավոր սցենար է։ Սակայն Դավիթ Գալստյանը կտրականապես հրաժարվել է մեղքը ընդունելուց, քանի որ այն ինչում նրան մեղադրում են, որևէ հիմք չունի և Դավիթ Գալստյանը պատրաստ է պայքարել իր անմեղությունը ապացուցելու համար։
-Իշխանությունը անընդմեջ բողոքում է, որ փող կա, բայց զենք բերել չի ստացվում, նախորդ անգամ Դավիթ Գալստյանին բաց թողնելուց խոսակցություններ կային, որ հենց զենք բերելու համար են բաց թողնում, Դավիթ Գալստյանին նույնպե՞ս չի հաջողվում զենք ներմուծել։
- Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Մի բան վստահորեն կարող եմ ասել, որ Դավիթ Գալստյանը անում և արել է հնարավոր ամեն ինչ իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Պարզ է, որ զենքի մատակարարումը բարդ գործընթաց է, որը կապված է նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ Անհրաժեշտ է ունենալ մեծ փորձ և հմտություններ, որպեսզի նման բարդ իրավիճակներում գտնես ճիշտ լուծումներ։ Այստեղ շատ կարևոր է, որ պետությունը նույնպես օգնի մատակարարներին։
- Ի տարբերություն Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի, Ձեր պաշտպանական թիմը շատ պասիվ է, հարցազրույցներ չեք տալիս, ասուլիսներ չեք անում, ինչո՞ւ եք նման տակտիկա ընտրել։
-Դա Դավիթ Գալստյանի որոշումն է։ Ես համաձայն եմ այդ որոշման հետ։ Միգուցե հրապարակային պրոցեսները օգնեն պաշտպանական մարտավարությանը, սակայն միևնույն ժամանակ կարող են խոչընդոտել մատակարարումների պրոցեսներին։ Դավիթ Գալստյանն իր պաշտպանությունից ավելի վեր է դասել մատակարարման գործընթացի անվտանգությունը։
-Մայիսի 8-ին այս գործով առաջին դատական նիստն է լինելու դատարանը ևս մեկ անգամ խափանման միջոցի հարցն է քննելու, ի՞նչ եք կարծում Ձեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր կգտնե՞ն։
- Եթե խնդիր է դրված ամեն գնով կալանքը պահպանել, դրա համար հիմքեր պետք չեն։ Այս ընթացքում բազմաթիվ անհիմն դատական ակտեր ենք ունեցել, որտեղ դատավորները ուղղակի խուսափել են, օրինակ, գնահատական տալ վաղեմության ժամկետի լրացած լինելու հանգամանքին և կալանքի ժամկետը երկարացրել են։ Ցավոք սրտի նման պրակտիկա գոյություն ունի։ Կարծում եմ, որ այս դատարանը ավելի պրոֆեսիոնալ կգտնվի, և պատշաճ գնահատական կտա ոչ միայն վաղեմության, այլև ոչ պակաս կարևոր այլ հանգամանքներին։
- Ով է քննելու գործը, հավատո՞ւմ եք դատավորի անկողմնակալ լինելուն։
-Դատավորի տվյալները արդեն մամուլում հրապարակվել են՝ Արամ Գրիգորյան։ Ձեռնպահ կմնամ մինչ դատական նիստը որևէ կարծիք հայտնել դատարանի վերաբերյալ։