ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ 2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 գրամ քաշով «Մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, նաև ստացված նոր տվյալների հիման վրա հաջորդաբար նախաձեռնված այլ վարույթների շրջանակում տակտիկական առումով ճշգրիտ մշակված վարութային և ապացուցողական գործողությունների, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ համագործակցության վարույթի կիրառման արդյունքում, բացահայտվել է հաջորդաբար միմյանց նշված թմրամիջոցներ իրացնելու շղթա, որում ներգրավված անձանցից 6–ի ինքնությունը հաջողվել է պարզել։ Նրանց անձնական, ինչպես նաև բնակության վայրերում կամ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են փայլաթիթեղով, պոլիէթիլենով փաթեթավորված՝ «Մեթամֆեթամին»-ի, ափիոնի, հաշիշի նմանվող զանգվածներով, տարբեր քաշերով, տասնյակից ավելի փաթեթներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «կրիստալ» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդու բնակության հասցեի մոտ տեղադրել է 100 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որից հետո վերջինս դրա մի մասն իրացրել է 24-ամյա մեկ այլ անձի, իսկ մնացածը մաս-մաս՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հանցավոր շղթայում ներգրավվել է նաև Հ.Բ.-ի ընկերուհին՝ Վաղարշապատ քաղաքի բնակչուհի, որի բնակության վայրում կատարված խուզարկությամբ, բացի բազմաթիվ փաթեթներով տարբեր տեսակի թմրամիջոցների զանգվածներով փաթեթներից, հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, 45 հատ 100 եվրո անվանական արժեքով առերևույթ կեղծ թղթադրամներ, բազմաթիվ տարբեր չափերի զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման, իրացման համար օգտագործվող այլ իրեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։

Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով հանցավոր շղթայի էպիզոդների վերաբերյալ նախաձեռնված մի քանի վարույթները միացվել են մեկ վարույթում:

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ինքնությունը պարզված վերոհիշյալ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված և առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: