Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 հհ դրամի չափով։ Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ բլոգեր Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Իսկ քրեական գործի հարուցման համար որպես շարժառիթ դիտարկվել է Միքայել Բադալյանի կողմից «Telegram» հավելվածի իր անհատական էջում կատարած գրառումը, եւ նախաքննական մարմինն առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։
Հուլիսի 22-ին՝ դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում՝ Միկա Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացվել՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակի վատթարացմամբ։