Այսօր քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երևանյան կարևոր նախագծերն ու ծրագրերը «Ակտիվ քաղաքացի» հարթակում կդրվեն հանրային քննարկման: Հանձնարարվել է մասնավոր հատվածից ստացված առաջարկները ևս տեղադրել հարթակում, որ բնակիչներն այդ ծրագրերը ևս քվեարկելու հնարավորություն ունենան: «Մենք որոշել ենք մասնավոր ընկերություններից ստացված առաջարկները տեղադրել «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ Մասնավորապես, այս պահին այգիների վերակառուցման վերաբերյալ, որոնք կհանձնվեն Երևանցիների դատին։ Մենք էլ կառաջնորդվենք այդ որոշմամբ, որը կկատարեն երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով»,- նշեց Ավինյանը։
Սա էլ դեռ բավարար չէր, Ավինյանը որոշեց էլ ավելի հեռուն գնալ և մետրոյի Սուրմալու կայարանի կառուցման ավետիսը անել, կարծես Աջափնյակ կայարանն արդեն իսկ հասցրել են ավարտին և հանձնել երևանցիների դատին:
Վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանը բազմաթիվ ռեզոնանսային քայլերի էր դիմել, դիցուք՝ կենտրոն վարչական շրջանում ծառերի սպանդը, երբ թե՛ քաղաքացիները, թե՛ ոլորտի մասնագետները ահազանգում էին, գրավոր դիմում քաղաքապետարանին և անգամ բողոքի ակցիաներ կազմակերպում՝ պահանջելով վերջ տալ այդ գործընթացին, սակայն քաղաքապետարանը և անձամբ Տիգրան Ավինյանը նախընտրեց չտեսնելու և չլսելու տալ երևանցիների կարծիքն ու ցանկությունը՝ գործը ավարտին հասցնելով և սակուռայապատելով Երևանը: Նույնը կարելի է ասել Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մասին, որոնք տարիներով երազում են իրենց խոսքը լսելի դարձնել: Ասել է թե՝ եթե քաղաքապետարանի ղեկավար կազմը ցանկություն ունենա լսել երևանցիներին՝ հարթակները շատ են: Սակայն, ինչպես երևում է, ավելի հեշտ է տուրք տալ պոպուլիզմին, այն էլ ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ, երբ կարելի է դառնալ խիստ «ժողովրդավար»՝ թոզ փչելով երևանցիների աչքերին՝ հույս ունենալով, որ վերջիններս շատ կարճ հիշողություն ունեն....