Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքն էլ է ձգտում խաղաղության այնպես, ինչպես Հայաստանը։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, իր ճեպազրույցում ասել է ԵԽ անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն:
«Երեկ Երևանում պաշտոնյաների հետ հանդիպում ունեցանք, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսօր եղել ենք Գորիսում, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի, Գորիսի համայնքապետի, Հայաստանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ և նրանց հետ զրուցել 44-օրյա պատերազմի և Լաչինի միջանցքի արգելափակման մասին։
Նաև մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին և սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, որտեղ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք։ Մենք նաև տեղեկացանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ադրբեջանցիները փորձում էին դրոշ բարձրացնել։ Ես կցանկանամ խիստ ուղերձ հղել՝ ինչքան էլ Հայաստանը նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը ևս նվիրված է խաղաղությանը։ Եվրամիությունը իր ջանքերն է գործադրում, որպեսզի հեշտացնի կապերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև»,- ասել է Լուազոն։