Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Հ․, ծնված 1989 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ռ․ Խ․-ն (ծնված 1964 թ.) և Վ․ Խ․-ն (ծնված 1961 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Վայքի ԲՄ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. երթևեկությունը վերականգնվել է։