Վաղը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին Արմավիրի Հայկաշեն գյուղի գերեզմանատանը տեղի կունենա նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանի մահվան տարելիցին նվիրված արարողություն:

Գեներալը մահացել է 2022 թ. օգոստոսի 12-ին, 55 տարեկան հասակում, Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ բուժում էր ստանում: Նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել, քանի որ օրգանները հերթով սկսել էին ֆունկցիոնալ խանգարման հասնել:

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967 թ․ սեպտեմբերի 3-ին Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։ 

1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993-2007 թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով, 1997 թ․ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ․՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թվականից մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։