Դեռևս ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերին Երևանում սպասվող ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Նախորդ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն իշխանությունները չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը՝ միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավված լինելով քարոզարշավի մեջ: Սրանով հանդերձ, թեև ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ՝ ՔՊ-չկա կոնսենսուս Ավինյանի շուրջ և թիմում վերջինիս բավական մեծ վերապահումներով և անվստահությամբ են վերաբերվում:
Պատերազմից հետո անվստահությունը Տիգրան Ավինյանի նկատմամբ խորացել էր: Վերջինս, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ովքեր հրապարակային հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին, ընդգծված դիստանցիա էր պահում ՔՊ-ից և Փաշինյանից՝ ձգտելով մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված: ՔՊ-ից դիստանցիա պահելը արտահայտվեց նաև նրանով, որ Ավինյանը որոշում կայացրեց չընդգրկվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում դա բացատրելով՝ տվյալ փուլում «մաքուր» մնալու և հետագայում ավելի լուրջ խաղի մեջ մտնելու իր ցանկությամբ, ինչը բնականաբար թիմակիցների սրտով չի եղել: Իսկ վերջերս էլ ընդհանրապես սափրվեց, ինչը նույնպես դիտարկվեց՝ մորուքը բրենդ դարձրած ՔՊ-ականներից առանձնանալու փորձ:
Մամուլում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մի շարք աղբյուրների՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Դիցուք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։ ՔՊ-ական պատգամավորներին անչափ դուր չի եկել այն հանգամանքը, որ Ավինյանը քաղաքական թիմից ընդգծված դիստանցիա է պահում:
Ակնհայտ է, որ ՔՊ-ում լրջագույն վերապահումներով են մոտենում թե Ավինյանի վարքագծին, թե վերջինիս արձանագրած վարկանիշին: Եթե մեկ ամիս առաջ անցկացված հարցումների արդյունքում նա հավակնում էր ստանալ հարցված քաղաքացիների 10.1 տոկոսի քվեն, ապա այս ամիս անցկացված հարցումների արդյունքները էլ ավելի տխուր են՝ ընդամենը 9.3 տոկոս: Դա իր հերթին ստիպում է Ավինյանին դիմել տարատեսակ նախընտրական PR շոուների՝ առանց համապատասխան վարորդական լիցենզիայի ավտոբուս վարել, մասնակցել շաբաթօրյակների, բակերում և թաղերում բարեկարգման աշխատանքներին հետևել և անգամ հասցրել է ծննդատներ այցելել: Դրա հետ մեկտեղ Ավինյանը չի նկատում, կամ չի ցանկանում նկատել իրենց կառավարման բացթողումների արդյունքում Երևանում առաջացած բազմաթիվ խնդիրները: Փոխքաղաքապետի շոուները կարծես թե երևանցիների սրտով էլ չեն, դրա մասին են վկայում Ավինյանի ֆեյսբուքյան էջի մի շարք մեկնաբանություններ, որոնց հեղինակները շոուների և էժանագին փիառի փոխարեն ցանկանում են բարեկարգ Երևան տեսնել
Հաշվի առնելով հանգամանքը, որ ՔՊ-ում Ավինյանին որպես յուրային չեն ընկալում, հարց է առաջանում՝ ի վերջո ում՞ որոշումն էր ընտրությունների գնալ Ավինյանի նման թույլ ֆիգուրով: Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն՞ էր, թե ամեն դեպքում թելադրված էր արևմուտքից: Գաղտնիք չէ, որ Տիգրան Ավինյանը համարվում է արևմուտքի համար ընդունելի և պրո-արևմտյան դիրքորոշում ունեցող պաշտոնյա․ վերջինս հեղափոխությունից հետո և հատկապես փոխվարչապետ եղած ժամանակ բավական լոյալ էր վերաբերվում արևմտյան և հատկապես ՝այսպես կոչված «սորոսական» ՀԿ-ին՝ նրանց արտոնություններ տրամադրելով և հարկերից ազատելով: Հետևաբար, չի բացառվում, որ Ավինյանին քաղաքական թիմում առկա տրամադրություններին հակառակ առաջին պլան բերելը ՝ Փաշինյանի ռևերանսն էր արևմուտքին: Դրա հետ մեկտեղ կան տեղեկություններ, որ Փաշինյանը ինքն էլ է լրջորեն տատանվում և նույնիսկ քննարկվում է «պահեստային» թեկնածուի հարցը, իսկ որ ՔՊ-ում կլինեն այլ ամբիցիոզ դեմքեր, ովքեր «աչք կունենան» քաղաքապետի թեկնածուի վրա՝ չի բացառվում: Հետևաբար պետք է փաստենք, որ ներքին խմորումները և ստվերային պայքարը ՔՊ ներսում ոչ միայն չի ավարտվել, այլ նոր թափ կարող է ստանալ...