Նոր iPhone 15-ը, որը Apple-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, Lightning-ի փոխարեն համալրված կլինի USB-C միակցիչով, գրում է Bloomberg-ը։

USB-C միակցիչը կհայտնվի նաև AirPods Pro ականջակալների վրա: Apple-ը երկար ժամանակ ընդդիմանում էր USB-C-ին անցնելուն, սակայն ստիպված է համաձայնել դրան՝ Եվրամիության պահանջների պատճառով:

Apple-ը պատրաստվում էր շարունակել օգտագործել Lightning միակցիչն իր սմարթֆոններում ևս մի քանի տարի, սակայն նրա ծրագրերի վրա ազդել են Եվրամիության պահանջները։ Նրանք պարտավորեցնում են բջջային սարքերի արտադրողներին անցնել USB-C-ին մինչև հաջորդ տարվա վերջ:

Գնորդներին կտեղեկացնեն, որ նոր միակցիչը թույլ կտա տվյալների ավելի արագ փոխանցում, իսկ որոշ դեպքերում՝ սարքի ավելի արագ լիցքավորում։ Եվ ամենակարևորը՝ USB-C-ին անցնելու շնորհիվ հնարավոր կլինի մեկ լիցքավորիչ օգտագործել iPhone-ի, iPad-ի, MacBook-ի, ինչպես նաև ընկերության այլ սարքերի համար։

Apple-ի շնորհանդեսում չի խոսվելու ԵՄ ստանդարտների, ինչպես նաև այն մասին, որ ընկերությունը նախկինում քննադատել է իշխանությունների՝ USB-C ստանդարտին անցնելու պահանջները։