Ես ձեզնից մեկն եմ, որ ուզում է րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանության համակարգից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, հաղորդում է News.am–ը:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «հիմա», ինչին Թեւանյանն արձագանքեց. «Մենք բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ անհրաժեշտ է արդյունքը, որը ենթադրում է կազմակերպվածություն, կարգապահություն, թիմային աշխատանք: Ինձ ճիշտ հասկացեք, ես անկեղծ եմ ասում՝ մեր հակառակորդը, ավելի ճիշտ՝ թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ իրեն սատարող երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հետեւաբար, մենք արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն: Մենք պատրաստ ենք մեզ դնել այս պրոցեսի զոհասեղանին, որո վեհետւ եթե մենք հաղթանակ չունեցանք, չկարողացանք պաշտպանել Արցախը, Հայաստանը, կապ չի ունենալու, թե ով ինչ կարգավիճակ ունի, ով ինչպես է մտածում, ով ինչ կարիերա է անելու: Հետեւաբար, ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն: Հավատացեք, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը իր լաբորատորիայում փորձեր անի, ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա գիտություն է, որ պետք է ճիշտ կազմակերպել ու արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք»:
Նա ընդգծեց, որ հաղթանակի հասնելու համար պետք է ապահովել զանգվածայնություն. «Յուրաքանչյուր մտահոգ մարդ պետք է իր շրջապատում քարոզ իրականացնի: Կոչս ուսանողությանը՝ ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել եւ կանգնել Հայաստանի ու Արցախի օգտին: Ես համոզված եմ, որ մեր հանրությունն ուզում է անցնցում եւ հնարավորինս արագ իշխանափոխություն: Մի գրամ անգամ չկասկածեք, որ մենք նպատակասլաց ենք աշխատելու: Մենք շատ արագ, կառուցվածքային տեսք ենք տալու այս պրոցեսին: Մենք պատրաստ ենք ձեռք սեղմել նաեւ նրանց, որոնք հայհոյել են մեզ տարբեր ներքաղաքական հարցերով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Անդրադառնալով Արցախի խնդրին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Դուք նույնիսկ չեք կարող օգնության հասնել Արցախին, որովհետեւ դա պետության գործն է, իսկ պետությունը զավթված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Թշնամին ներսից է: Մենք չենք կարող անգամ սովորական հաց ու ջուր հասցնել, որովհետեւ թշնամին փակել է մեր ճանապարհը ներսից ու դրսից»:
Նա հայտարարեց, որ անցնցում իշխանափոխությունն այլընտրանք չունի. «Ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք»: