Թուրքիան դադարեցրել է համագործակցությունը Իսրայելի հետ համատեղ էներգետիկ նախագծերում, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։
Նրա տեղեկություններով՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը նույնպես չեղարկել է նոյեմբերին նախատեսված այցը Իսրայել, որի ընթացքում նախատեսվում էր բանակցություններ վարել տեղական իշխանությունների և ընկերությունների հետ գազի գնման և Եվրոպա տարանցման շուրջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանում հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով թուրք պաշտոնյաների բոլոր պլանավորված այցերը Իսրայել չեղարկելու մասին։
Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Միջերկրական ծովից գազի մատակարարումների շուրջ։ Նշվում էր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ծովային գազատարը կարող է կառուցվել չորսից հինգ տարվա ընթացքում։