Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն, այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
Նախարարը ներկայացրեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում:
«Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը նկատեց, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի: Եվ եթե, օրինակ, մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր: