ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին։ Զախարովան նշել է, որ Երեւանը պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, կցանկանայի, որ դրա վերաբերյալ ներկայացվեր որևէ փաստ, փաստաթուղթ կամ հայտարարություն միջազգային որևէ կազմակերպությունից, որը Երևանում հեղինակավոր է համարվում, օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։
Մենք մեր կողմից բազմիցս նշել ենք Բաքվի հայտարարությունների հիման վրա հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։
Մենք նշել ենք Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Ոչ միայն իրավունքների, այլև, ամենակարևորը, անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,-ասել է նա։