Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայողների վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագիծ է ներկայացրել։
Ազգային ժողովի հերթական նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու համար։ Ներկայումս քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ չստուգված արդյունք ստանալու դեպքում որևէ իրավական հետևանք նախատեսված չէ, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէ՝ ո՛չ իրավական, ո՛չ գործնական տեսանկյունից, ուստի նախագծով առաջարկում ենք, որ հերթական ստուգարքին երկու անգամ չստուգված ստանալու պարագայում քրեակատարողական ծառայողը կազատվի աշխատանքից»,- ասաց Բալյանը։