«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը։ Պատգամավորներից մեկը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորները, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» են դարձել ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանների համար: Նրանք կա՛մ չեն արձագանքում, երբ ընդդիմությունը որեւէ հարցով դիմում է' հանդիպում խնդրելով, կա՛մ արձագանքում են ամիսներ հետո, երբ խնդիրը, որի մասին պատգամավորները ցանկացել են իրազեկել, քննարկել, այլեւս կորցրել է ակտուալությունը: Իսկ որոշ դեպքերում էլ դեսպանները լսում են ու մատը մատին չեն խփում:

Մինչդեռ անցյալում դեսպաններն իրենք էին հանրային հնչեղություն ստացած իրադարձությունների ժամանակ կապ հաստատում ընդդիմադիր պատգամավորների հետ եւ փորձում ներազդել գործող իշխանությունների վրա։ Հիմա ո՛չ մարդու իրավունքների ոտնահարումները, ո՛չ մեդիայի խնդիրները, ո՛չ քաղաքական հալածանքները արեւմտյան «դեմոկրատներին» չեն հուզում»: