ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կահիրեում կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ՝ քննարկելու Գազայի հատված մարդասիրական օգնության հասանելիությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Քարտուղար Բլինկենը այսօր Կահիրեում կհանդիպի Եգիպտոսի նախագահ Սիսիի հետ՝ քննարկելու Գազայի պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը և բոլոր պատանդների ազատ արձակումը», - գրել է գերատեսչության խոսնակը X-ում:
Բլինկենը գտնվում է մերձավորարևելյան շրջագայության մեջ, որը ներառում է այցելություններ Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Քաթար, Իսրայել և պաղեստինյան տարածքներ: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պետքարտուղարը թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է Գազայի հատվածի և Կարմիր ծովի ճգնաժամերը։