Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։ Վարչապետին ընդհանուր առմամբ վստահող քաղաքացիների թիվը, համաձայն հարցման, կազմում է 29 տոկոս, և համաձան նախորդ հարցման՝ վստահողների թիվը 2 ամսում նվազել է 4,6 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանին չվստահողների թիվը կազմում է 66,4 տոկոս և 2023թ․ նոյեմբերի համեմատ՝ ավելացել է 12,2 տոկոսով։
Փաշինյանի վարկանիշի անկումն ունի օբյեկտիվ պատճառներ՝ պարտված պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, որն ուղեկցվեց մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտումներով, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը, տնտեսական չկայացած բումը, անվտանգային միջավայրի վատթարացումն ու պատեհապաշտ արտաքին քաղաքականությունը: Սա, անշուշտ, ցանկի միայն մի մասն է, դրան էլ գումարած Փաշինյանն արել է հայտարարություններ և պատրաստվում է անել քայլեր, որոնք անմիջականորեն ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, հարցականի տակ են դնում մեր ազգային ինքնությունը և Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ընդհանրապես: Որքան էլ որ Փաշինյանն արդարանա, թե ինքը ձախողումների գլխավոր պատասխանատուն է, բայց գլխավոր մեղավորը չէ՝ հանրության մեծամասնությունը, ինչպես տեսնում ենք, ունի հակառակ կարծիքը:
Այսօր հրապարակված տվյալներից ուշադրության է արժանի ևս մեկը: Դիցուք՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, համաձայն հարցման, կողմ են հարցման մասնակիցների 50,1 տոկոսը, և համաձան նախորդ հարցման՝ այդ թիվը 2 ամսում աճել է մոտ 19 տոկոսով։ Եթե այս պատկերին գումարենք վերջերս սոցիալական հարթակներում իրականացված օնլայն հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ հանրության շուրջ 83 տոկոսը չի վստահում ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ գործող քաղաքական թիմին, ապա կստանանք անչափ ուշագրավ պատկեր: Ստացվում է, որ հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է նոր, այլընտրանքային, այսպես կոչված՝ երրորդ ուժի ձևավորմանը և եթե այդ ուժը ձևավորվի, ապա ունի Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու բոլոր շանսերը: Գործող քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չունի լեգիտիմության այն մակարդակը, որը թույլ կտա նրանց երկրի կենսական շահերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող են դուրս բերել միայն Հայրենիքը սիրող պրոֆեսիոնալները, նոր դեմքերը՝ նոր գաղափարներով և նոր տեսլականով: