Երեկ ԼՈՒՐԵՐ.com կայքում հրապարակել էինք «Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից» վերտառությամբ հոդվածը, որը բավական մեծ ռեզոնանս էր առաջացրել ընթերցողների շրջանում: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրության և մասնավորապես մեր ընթերցողների մի ստվար հատվածի հետաքրքրությունը, այսուհետ ևս կշարունակենք ներկայացնել Սարգսյան ընտանիքին վերաբերվող և վերջիններիս մասնակցությամբ արձանագրված պիկանտ և սկանդալային պատմությունների վերաբերյալ մեր լրագրողական հետաքննությունները:
Հետայսու կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ հետևյալ հարցերին
1. Թերևս ամենամոռացված, սակայն, կոռուպցիոն հարուստ մեխանիզմների գործադրմամբ դրվագը՝ Երևանի ժամացույցի գործարանի շուրջ էր արձանագրվել և մինչ օրս էլ կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են կատարված ապօրինությունների մասին: Այս պատմության մեջ, ըստ մի շարք տեղեկությունների, թաթախված էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը և նախագահի վերահսկողական ծառայության այն ժամանակվա պետ Հովհաննես Հովսեփյանը:
2. Լևոն Սարգսյանի անունը շոշափվում էր նաև տարատեսակ հիմնադրամների միջոցով չարաշահումներ իրականացնելու համատեքստում: 2008 թ. դեկտեմբերին Լևոն Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանի հետ համահիմնադրել է «Վերածնունդ» հիմնադրամը, որը գրանցվել է որպես մշակութային, կրթական, սոցիալական, բարեգործական նպատակներ հետապնդող կառույց։ Հիմնադրամը լուծարվել է 2017 թվականին։ Այս հիմնադրամի թե գործունեությունը, թե լուծարման պայմանները բազմաթիվ հարցեր են առաջացնում:
3. Բազմիցս է հայկական լրատվական դաշտում փաստերով արձանագրվել և ապացուցվել, որ Լևոն Սարգսյանի որպես հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատելու ընթացքում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, ասել է թե, գործ ունեինք ապօրինի հարստացման դասական դեպքի հետ:
4. Լևոն Սարգսյանից դժգոհ էին նաև «էլիտար շենքերի» խաբված ներդրողները, մասնավորապես ՝ Արին Կապիտալ հիմնադրամի ղեկավար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ թակում էր լրատվամիջոցների դռները, փորձելով հանրությանը տեղեկացնել, թե ինչպես է քցվել Լևոն Սարգսյանի ՝ կարճաժամկետ ներդրում անելու առաջարկից հետո:
5. Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անունը բազմիցս է շոշափվել անշարժ գույքի շուկայում նրա կատարած ձեռքբերումների համատեքստում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ամերիկացի իրավապահներին հետաքրքրել է, թե ինչպես է վերջինս ԱՄՆ-ում 30 մլն դոլարի կարողություն ստեղծել:
6. Նույն Ալեքսանդր Սարգսյանի անունը շոշափվում էր 2008-ին մտավորական Ռոբերտ Կարայանին ծեծի ենթարկելու համատեքստում: Դեպքից երկու օր առաջ Մտավորականների ֆորումի 4 անդամներ, այդ թվում նաեւ Ռոբերտ Կարայանը, հայտարարություն էին տարածել, որով իրենց խիստ զայրույթն էին արտահայտել դեկտեմբերի 27-֊ին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված լուրի կապակցությամբ, ըստ որի Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Սաշիկ Սարգսյանը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հայտարարել է. - «Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էսպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի՝ էդքան էլ կպառկացնենք»: Մտավորականների ֆորումը դիմել էր դատախազություն ՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, որը սակայն, մերժվել էր:
Շարունակելի...
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս բոլոր պոտենցիալ ապօրինությունների մասին տեղյակ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որքանո՞վ էր նա տեղյակ կամ անտեղյակ տեղի ունեցողից և ինչ մասնակցություն է անձամբ նա ունեցել վերը թվարկված պատմություններում: Արդյոք, այսպես ասած, «Սերժին մերժելու» պատճառներից մեկը չի հանդիսացել հենց վերջինիս ազգականների և մտերիմ շրջապատի՝ տարիներ շարունակ դրսևորած վարքագիծը և այդ վարքագիծը չէ, որ հասցրել է մերժմանը: Մեր կողմից շարունակելու ենք առավել մանրամասն անդրադառնալ թե թվարկված, թե այլ պատմություններին, որոնց մեջ վերջին տասնամյակների ընթացքում հայտնվել են Սերժ Սարգսյանի եղբայրները և նրա մյուս մոտիկ ազգականները: Հույս ունենք, որ մեր լրագրողական հետաքննությունները կօգնեն իրավապահներին ուշադրություն դարձնելու նաև այդ ՝ գուցե ոչ այնքան հայտնի և ռեզոնանսային պատմությունների վրա և իմիտացիոն բացահայտումները մի կողմ դնելով նրանք ի վերջո կզբաղվեն լրջագույն ապօրինությունները բացահայտմամբ:
Իսկ մեր ընթերցողներին, ովքեր ունեն դժգոհություններ Սարգսյան եղբայրների և նրանց մերձավորների՝ տարիներ շարունակ կատարած այս կամ այն գործողություններից՝ խնդրոLմ ենք գրել LՈՒՐԵՐ.com կայքի [email protected] էլեկտրոնային հասցեին: