ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը շատ կարևոր էր:
«Կարևոր շեշտադրումներ կային. առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: Սա ցույց է տալիս, որ որակական նոր վիճակի մեջ ենք հայտնվել: Նա նաև ասում է, որ ինչպես ժողովուրդը կորոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք, թե ժողովուրդն ինչպես էր որոշել»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ տված հարցազրույցում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ասում է բոլորովին այլ բան, իսկ նրա թիմակիցները՝ այլ բան՝ Զուրաբյանը նշեց. «Ընդհակառակը, մենք հասկացանք, որ վճռական վերջնական որոշում ունեն նաև իրենց դիրքորոշման մեջ»,- ասաց նա։