Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ առաջարկը նշանակում է մի բան, որ իրենք այս անգամ որոշել են ընդդիմության պահանջները լուրջ ընդունել: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը:

 

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ պետք չէ շատ հեռու գնալ բացատրությյան համար: «Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից, վախեցել է այն թափից, որ շարժումն առնում է և որոշել է ընդդիմությանը քաշել մի գործընթացի մեջ, որում կարծում է՝ ընդդիմությունը կգնա զիջումների»,- ասաց նա:

 

Վերջինս հայտարարեց, որ իրենք այդ գործընթացի մեջ չեն ներքաշվելու, որովհետև Սերժ Սարգսյանի որևէ խոսքին իրենք չեն հավատում:

 

«Սերժ Սարգսյանի խոսքերը ոչ մի արժեք չունեն, համարեք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել, մենք խոսքերին չենք հավատում, մենք հավատում ենք միայն գործերին»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ բանակցություններ չեն լինի. «Մենք իրենց հետ բան չենք քննարկելու»: