«Մենք չենք գնացել, որովհետեւ չենք ընդունում Սերժ Սարգսյանի ընտրական հաղթանակի լեգիտիմությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպման հրավերը մերժելու իրենց որոշմանը: Վարչապետի եւ կառավարության որոշ անդամների վերանշանակումներին անդրադառնալով՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Իշխանությունն այնքան թույլ է, որ անգամ ձեւի համար քայլերի չի գնում, որոնք կարող են ապակայունացնել իշխանությունը: Եթե Սերժ Սարգսյանն ուժեղ լիներ, կգնար ինչ-որ համարձակ քայլերի, կփորձեր հասարակությանը ցույց տալ, որ ինչ-որ բան ուզում է փոխել: Բայց հիմա ինքը անգամ այդ ցուցադրական հնարավորությունը չունի, իրեն պետք է, որ իր թիմը պինդ, համախմբված լինի, որովհետեւ հասկանում է, որ իր քաղաքական հենարանը քայքայված է: Որեւէ փոփոխություն չի անելու, վախենալու է»: Պարոն Զուրաբյանի խոսքերով, ՀՀ նախագահը, խոսելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների՝ աղքատությանը, արտագաղթի եւ գործազրկության մասին, ընդամենը արձանագրել է այն երեւույթները, որոնց մասին իրենք արդեն հինգ տարի է խոսում են. «Չառաջարկելով որեւէ լուծում, ավելին՝ բաց թողնելով ամենակարեւոր բանը՝ այդ կարեւոր խնդիրների հիմնական պատճառը այն ավազակապետական իշխանությունն է, որը այսօր տիրում է Հայաստանում: Թալանում է ժողովրդին, կենտրոնացնում հարստությունները մի քանի ընտանիքների ձեռքում, խեղդում այս տնտեսությունը սեփական հարստացման համար: Լինելով հիմնական պատճառը խնդիրների՝ այդ խնդիրների մասին են խոսում: Բայց երբ գալիս է ժամանակը հաստատելու՝ որն է իրական պատճառը այդ խնդիրների , խոսում են գաղջ մթնոլորտի մասին: Այսինքն չեն էլ պատկերացնում, որ իրենք են այդ գաղջ մթոնոլորտի ստեղծողները կամ էլ լավ էլ հասկանում են ու մեզ էշի տեղ են դնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ