Տոլյատիում փրկել են մի տղամարդու, ով երկար տարիներ ապրել է դիտահորում։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Փետրվարի 18-ին անօթեւանին առաջինը նկատել են անցորդները։ Նրա մասին պատմել են տեղացի բլոգեր Անտոն Գլետչերովին, ով օգնում է մարդկանց, ովքեր հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակներում։ Նա եկել է թափառաշրջիկի մոտ և նրան օգնություն առաջարկել։ Բլոգերը VKontakte-ում հրապարակել է տղամարդու հետ զրույցի տեսանյութը։
«Տղամարդը չի կարողանում հստակ հիշել, թե որքան ժամանակ է ապրում ընդհատակում, բայց երկար տարիներ է՝ թափառում է», - կիսվել է բլոգերը:
Տեսանյութում թափառաշրջիկը ներկայանում է որպես Ալեքսանդր ու ասում, որ ավելի քան 12 տարի է, ինչ ապրում է դիտահորում կամ նմանատիպ պայմաններում։
«Տղամարդը հարբած չէր, նա խոսում էր շատ քաղաքավարի, առանց ոչ մի անպարկեշտ խոսքի, թեև շատ անառողջ տեսք ուներ», - ասել է Գլեչերովը:
Սոցցանցերում տեսանյութի հրապարակումից մի քանի ժամ անց տղամարդու հարազատները գրել են բլոգերին։ Նրանք հայտնել են, որ թափառաշրջիկը 52 տարեկան է և Ուլյանովսկի շրջանից է։ Նրանց խոսքով՝ տղամարդը խմել ու թափառել է, կինը 15 տարի առաջ լքել է նրան, ինչից հետո նրա հետ շփումն ընդհատվել է։
Թափառաշրջիկի հարազատներն ապրում են Տոլյատիում, Ուլյանովսկում ու Մոսկվայում և տղամարդուն տարել են իրենց մոտ։