Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:
Նույն զեկույցում նշվում է, որ
ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։
Ամեն ինչ, միգուցե, դրական կթվար կամ ուրախության առիթ լիներ, եթե կառավարությունն ակնհայտ կեղծիքի չգնար:
Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205000-470000 գումար ավել է ստանում:
Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել:
Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:
Կառավարությունը ՊՆ զեկույցի նվազագույնն այս հատվածի շարադրմամբ մոլորեցնում է հասարակությանը, միայն կասեմ, որ այդ ցուցանիշների մանրամասն ծանոթանալն ինձ մեծ անհանգստություն և մտահոգություն է պատճառել»: