Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու հարցին։ Մասնավորապես նա ասել է․

«Բրյուսելում հարց ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով, իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Եվ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ և պետք է հղում անել մասնավորապես տարածքի տվյալի վրա: Պատկերացնում եք չէ՞ իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքը էսքանա։ Եվ այդտեղ առաջացավ գաղափար, որ հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է Խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ»,- թեմայի վերաբերյալ նման տեղեկություններ է փոխանցել վարչապետն ու հայտնել՝ այդ ժամանակ կապվել է ՀՀ գործընկերների հետ և ասել, որպեսզի նկարեն հանրագիտարանում ՀՀ և Ադրբեջանի տվյալները և ուղարկեն իրեն։

«Այդ տվյալները փոխանցվեցին Եվրամիության խորհրդի նախագահին, սակայն հետո ավելի մանրամասն դիտարկեցինք, տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան․ տիտղոսին գրած է 29․800 քկմ, հետո պարզվեց, որ դա կլորացրած թիվ է, տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29․743 քկմ։

Այդ թվում՝ Ադրբեջանը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում ՀՀ տարածքը 29.800 քկմ-ից պակաս թիվ՝ 29․743 քկմ է գրած: Եվ նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին: Այս հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ և փոխադարձաբար շատ խորը կասկածներ առաջացան»,- թեման ամփոփելով՝ ասաց նա։