«British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք' Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեի՞ք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին' ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որ տեղի են ունենում հարևան երկրներում, ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որ ներդրման միջավայրում ու տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն: Ընդհանուր առմամբ' կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են: Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն»:
Փաշինյանը նշեց' այս առումով Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են:
«Դուք ճիշտ նկատեցիք, եթե տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի' մարտունակ բանակ ունենալու իրավունքը»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց' մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ' և' ֆինանսական, և' ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում:
«Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- նշեց վարչապետը' հավելելով, որ առաջարկել են նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել' նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը: