«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։ Խոսքը մասնավորապես այն «դուշի» մասին էր, որը Նիկոլը հայտնաբերել էր ՝հանձնարարելով արագ պարզել գնի խնդիրն ու զեկուցել:
Հայտարարությունից երկու ամիս է անցել, ի՞նչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, փորձել ենք հետաքրքրվել ՊՎԾ-ից, որտեղից տեղեկացրին, որ ուսումնասիրությունները դեռեւս ընթանում են, եւ որ այն ավարտվելուն պես կրկին ՊՎԾ-ն հանդես կգա հայտարարությամբ.
-Ուսումնասիրություններն արվում են պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության ու արդյունավետության վերահսկողության նպատակով։
Ըստ կառավարության՝ ուսումնասիրության ենթակա են Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի տիպային նոր շենքը, Արմավիրի Ջրառատի ծանրամարտի նոր մարզադահլիճը, Ջանֆիդայի «Է. Դաշտոյանի անվ. Միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճը, Լոռու մարզի Վանաձորի «Ծովակալ Իսակովի անվ. Թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճը, Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը»: