«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից, եւ Շիրակի ղեկավարումը կհանձնվի վարչապետի կնոջ' Աննա Հակոբյանի 28-ամյա ազգական Վահագն Մկրտչյանին։

Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն ներկայում, ըստ ամենայնի, պարարտ հող է ստեղծվել' այն առումով, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված լսարանների բացման արարողությանը»: