ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ նրանք ապրիլի 5-ին՝ կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին: