«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:
Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։
«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:
Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:
Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:
Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:
25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:
Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:
Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:
Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ