Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով, կառավարության նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը և հրդեհը։
«2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2․7 մլրդ դրամի չափով։
2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել և վերափոխել ծրագրի մոտեցումները»,- ասաց Պապոյանը։
Նախարարը նշեց, որ ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
«Մասնավորապես՝ գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը»,- ասաց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ 2024 թվականին կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ ծախսերի համար։
«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետներն ըստ մշակաբույսերի և ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի ռիսկից»,- եզրափակեց Պապոյանը։