ՀՀ կառավարությունն այս տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը կսուբսիդավորի ոչ թե տարբերակված՝ 4 կամ 6 տոկոսով, այլ համատարած 6 տոկոսով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ 2011 թվականի ապրիլից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %) վարկեր, որոնց 4, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է։ «Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման համար»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Ծրագրի շրջանակում 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 69.01 մլրդ դրամի 77.5 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 2.40 մլրդ դրամ: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության կայունության և զարգացման համար' ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով միջոցառման իրականացման համար հատկացված գումարը նախորդ' 2014 թվականի նկատմամբ ավելացել է 33.3%-ով, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բոլոր համայնքների համար կիրառել 6 տոկոսային կետի սուբսիդավորում, ինչը պետք է ամրագրվի նշված որոշման համապատասխան փոփոխությամբ: