ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրի հավանությանն արժանացած երկու որոշում վերաբերել է Արցախի գործարար միջավայրին. հաստատվել են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գն ահատման և հաստատման կարգը: Նախատեսվում է այդ ոլորտում իրականացնել շարունակական բարեփոխումներ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական անհարկի միջամտությունները բացառելու անհրաժեշտությամբ:

 

Նիստում հաստատվել է տնտեսական զարգացմանն ուղղված 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախատեսված 30 մլն դրամով աջակցություն կցուցաբերվի տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, կվերազինվի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և այլն:

 

Գործադիրի հավանությանն են արժանացել 2014թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերը և միջոցառումները: Մոտ 3 մլրդ դրամ է հատկացվելու 12 գյուղատնտեսական կարևոր նշանակության ծրագրերի իրագործման համար: Մասնավորապես, կիրականացվեն բույսերի պաշտպանության, անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ, աջակցություն կցուցաբերվի « Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին», տոհմային կայանին և այլ ծրագրերի: Նշված աշխատանքների իրականացման համար գյուղնախարարությունը պարտավորվում է պայմանագրեր կնքե լ համապատասխան ընկերությունների հետ' հաշվի առնելով կատարվող աշխատանքների առանձնահատկությունները և հետագա հսկողություն սահմանել դրանց նկատմամբ:

 

Կառավարությունը հաստատել է 2014թ. պետակա բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, համաձայն որի' նախատեսվում է 2014 թվականին կադաստրի համակարգի կողմից իրականացնել մոտ 303 մլն դրամ ընդհանուր արժեքով 10 ծրագրային աշխատանք, մասնավորապես, ԼՂՀ տարածքում համայնքների, բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման, ԼՂՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման և այլ ուղղություններով:

 

Հաստատվել է նաև 2014թ. պետական միջոցների հաշվին իրականացվող մարզական կենտրոնացված միջոցառումների և մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագիրը: Ֆեդերացիաների կողմից ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ բողոքներից խուսափելու համար վարչապետը հորդորեց ֆինանսները ըստ ֆեդերացիաների հատկացնել հիմնավորմամբ և արդար սկզբունքներով:

 

Էլեկտրական էներգիայի նախկին և գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով' այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար' 8 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը): Գործադիրի որոշմամբ փոփոխության է ենթարկվել ոստիականության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների ու կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը' այնտեղ ընդգրկելով գյուղնախարարության նոր մասնաշենքը:

 

Հաստատվել են պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների' ԱրՊՀ ուսանողության շարքերում վերականգնելու նպատակով բակալավրի առկա ուսուցման համակարգում ձևավորված անվճար տեղերը: 7 մասնագիտությունների գծով 89 ուսանողի համար սահմանվել են համապատասխան տեղեր, որոնցից 19-ը' անվճար: Կառավարության անդամների հավանությանն է արժանացել նաև կրթության և գիտության նախարարության 2014թ. կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներ, առարկայական օլիմպիադաների, գիտաժողովների կազմակերպում ու հրատարակչական գործունեություն, դպրոցական ամառային հանգիստ և այլ միջոցառումներ:

 

Կառավարության հաստատմանն են ներկայացվել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման, կազմման և ներդրման կարգերը: Քննարկման է արժանացել ԼՂՀ Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի շրջանների հուշարձանների պահպանական գոտիների, ինչպես նաև Շուշիի և Ասկերանի շրջանների վարչական տարածքներում գտնվող «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցի և Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի և Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի հողերի ցանկի մասին որոշման նախագիծը: Ցանկում ընդգրկված պահպանության ենթակա պատմամշակութային մեծ տարածքները, ըստ Արա Հարությունյանի' տնտեսական նշանակության աշխատանքներ կատարելու ժամանակ հնարավոր խնդիրներ կարող են առաջացնել, ուստի առաջարկվել է լրացուցիչ քննարկել և ուսումնասիրել հարցը:

 

Կառավարությունը հանդես է եկոլ նաև օրենսդրական նախաձեռնություններով: Քննարկվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերահսկել հանրապետություն մտնող յուրաքանչյուր վտանգավոր բեռի ընթացքը, տեղեկատվություն ստանալ դրա վերաբերյալ և կանխարգելել վտանգավոր բեռի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակչության վրա:

 

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում ներկայացված փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կանանց և տղամարդկանց համար սահմանել միևնույն ամուսնական տարիքը' 18 տարեկան: Միաժամանակ, կնոջ և տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաև 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և եթե զույգերից մեկը 18 տարեկան է: Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:

 

Նիստի ավարտին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետը հանդես է եկել Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցության մասին հակիրճ տեղեկատվությամբ: