Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի հաստատումը' այն անվանելով ուղղորդող: «Եղել են բազմաթիվ առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է, իսկ մյուսները կքննարկվեն հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը, համապատասխանաբար, 2.0, 3.5 և 4%-ի չափով: Ակնկալվում է, որ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկոսային կետ: «Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,- ասաց Խաչատրյանը:
Ծրագրով կանխատեսվում է նաև, որ 2015թ. արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխատեսումներն, ըստ կառավարության, հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պահանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատականները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:
2015 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: Ակնկալվում է, որ 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:
Ծրագրով կանխատեսվում է նաև, որ շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015-ին կնվազի 0.6%-ով, իսկ միջնաժամկետում՝ միջինում կաճի 3.8%-ով: «Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առաջանցիկ չեն լինի, սակայն կուղեկցվեն ճյուղի կառուցվածքում արտադրական շինարարության աճի միտումներով:
Հաշվի առնելով ծառայությունների ճյուղում ընթացիկ զարգացումները՝ ակնկալվում է, որ ճյուղում կպահպանվի նախորդ տարվա մակարդակը, իսկ 2016-2018 թվականներին, տնտեսության կայուն զարգացմանը համամասնորեն, ճյուղի աճը կկազմի միջինում 2.2%: Այդ ճյուղում 2015-ին իրական աճը կազմել է 5.4%: 2015-ին խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում կանխատեսվում է կապիտալ ներդրումների 1.9% իրական աճ: Կապիտալ ներդրումների աճը պայմանավորված կլինի պետական ներդրումների 12.3% իրական աճով: 2015թ. սպասվում է մասնավոր ներդրումների նվազում, որի պայմաններում պետական ներդրումների աճը նպատակ ունի խթանել տնտեսական աճը և կայուն հիմքեր ստեղծել միջնաժամկետ և երկարաժամկետ աճի համար: Միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում' միջինում շուրջ 2%-ի չափով: Միջնաժամկետում ներդրումների աճը հիմնականում կպայմանավորվի մասնավոր և պետական հատվածի կողմից արտադրողական բնույթի ներդրումներով»,- նշված է կանխատեսման մեջ: