Հայաստանում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալու նոր ճանապարհ, որը Հայաստանի հարավային շրջանները կմիացնի հյուսիսային շրջանների հետ: Կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ որոշումը հաստատման է ներկայացվել' հիմք ընդունելով Հայաստանի հարավային երկաթուղու իրագործելիության ուսումնասիրության նախնական արդյունքները:
«Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ: Ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալ նոր երկաթգիծ' միացնելով երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջաններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բեգլարյանը:
Ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը պարտավորվում է կոնցեսիոների կողմից միջազգային ստանդարտներին համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալները ստանալուց հետո երկամսյա ժամկետում Կառավարություն ներկայացնել առաջարկություն' Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ' հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը: