ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում էլեկտրաէներգիայի ապօրինի սպառված քանակի հաշվարկման մեթոդիկան: Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը նշեց, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում ապօրինի սպառած էլեկտրէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն մինչ այժմ գոյություն չի ունեցել:
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները: «Վերջին շրջանում նկատվում են էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքեր, ինչը հայտնաբերվում է շահագործող կազմակերպության կողմից: Սակայն ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակության որոշումը հնարավոր չի լինում՝ համապատասխան նորմատիվ ակտի բացակայության պատճառով: Ուստի, անհրաժեշտ է մշակել նորմատիվ իրավական ակտ, ինչը հիմք կհանդիսանա ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի հաշվարկման ժամանակ»,- նշեց Շահվերդյանը:
Նախկինում նման մեթոդիկա հաստատվել է նաև բնական գազի պարագայում: