Կառավարությունն առաջարկում է դպրոցների կանոնադրությունում իրականացրել փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն վարչատնտեսական կառավարչի գործառույթները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ներկայացված նախագծով առաջարկում ենք փոփոխություններ իրականացնել դպրոցների կանոնադրությունում, որով հստակեցվում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները և արվում են անհրաժեշտ բոլոր ճշգրտումները։
Խոսքը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխման մասին է, որով մենք արդեն իսկ օրենսդրական փոփոխությամբ վարչատնտեսական կառավարումն առանձնացրել ենք բովանդակային կառավարումից, դրա արդյունքում ամբողջությամբ վերանայել ենք տնօրենների նշանակման կարգը։ Այժմ գործում է եռափուլ գործընթաց տնօրենների նշանակման, իսկ վարչատնտեսական կառավարման մասով առանձնացրել ենք առանձին համակարգողների հաստիքը և այժմ քննարկում ենք վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը և, մասնավորապես, ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք գնումների և հաշվապահության գործընթացը պատվիրակված իրականացնելու փաթեթը։ Այս նախագծով մենք ամրագրում ենք այս կառավարման ոլորտի տարանջատման գործընթացը թե գործառույթների տեղաբաշխման, թե նաև մի շարք հստակեցումների իրականացմամբ, որոնք թույլ կտան այս ամբողջ բարեփոխումը հասցնել իր տրամաբանական ավարտին»,-ասաց Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ ամենակարևոր փոփոխություններից է նաև այն հանգամանքը, որ դպրոցի կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների համայնքային կենտրոններ լինելու գաղափարը։
«Այժմ կանոնադրությամբ, մասնավորապես, հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ հետևելու կրթահամալիրների որպես զարգացման կենտրոն գործելու հանգամանքին։
Մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը, պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքի բնակիչներին լիարժեք տրամադրելու և ըստ անհրաժեշտության տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,-եզրափակեց Անդրեասյանը։