Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։
Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը' թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ:
109 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, և մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է։
Ցեղասպանության ցավն այսօր նորովի է պատել հայ ժողովրդին, ծանր ու տագնապալի օրեր ենք ապրում։
Այո, ցավոք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ 20-րդ դարասկզբին իրականացված ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում' հայաթափվեց Արցախ աշխարհը, երբևէ իր հայրենիքը չլքած արցախցին դարձավ տարագիր' թողնելով հայրերի ու որդիների շիրիմները, ովքեր պայքարեցին ու անմահացան հանուն այդ հողի, թողնելով վանքերն ու եկեղեցիները, որոնք քանդվում են ու անարգվում։
Պատմությունը կրկնվեց, քանզի թշնամին չի փոխվել, նույնն են նրա զավթողական ու ցեղասպան գործողությունները, որոնց նկատմամբ լուռ ու անտարբեր է համայն աշխարհը։
Աշխարհը լուռ էր երեկ, լուռ է նաև այսօր։
Այսօր պահը վճռորոշ է, օրհասական. մեր երկիրը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի վաղվա օրը։
Հիշենք, որ մենք պարտավոր ենք պաշտպանել այն հողը, որի համար անմահացան հազարավոր հայորդիներ։
Մենք պարտավոր ենք պաշտպանել այն հողը, որ ժառանգել ենք մեր պապերից։
Մենք պարտավոր ենք պաշտպանել մայր հողը և փոխանցել գալիք սերունդներին։
Գլուխ խոնարհելով ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև Արցախյան պատերազմներում անմահացած զավակների հիշատակի առջև՝ հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն մեր ինքնության պահպանման, հանուն մեր երկրի վաղվա օրվա»: