Շրջափակված Արցախի քթի տակ՝ Սիսիանում, ՔՊ-ն նախընտրական անցուդարձի մեջ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններով ՔՊ-ն չկարողացավ զավթել Սիսիանը, փորձելու է դա անել այս տարվա մարտին՝ նոր ընտրություններով, որին պատրաստվում է հիմիկվանից։

Տեղի կուսակցական մի թեւը՝ ՔՊ-ական Արսեն Ավագյանի գլխավորությամբ, ընդվզում է Արմեն Հակոբջանյանի առաջադրմանը եւ համարում, որ ՔՊ-ի ֆիասկոն նրանով էր պայմանավորված, որ եթե Հակոբջանյանի փոխարեն մեկ ուրիշը գլխավորեր ՔՊ ցուցակը՝ հաղթանակն անխուսափելի կլիներ։

 

Սակայն,  հենց Հակոբջանյանն էլ մարտին կգլխավորի ՔՊ ցուցակը, քանի որ վերջինս Սիսիանում «ասիչ» ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո նա Արման Բաբաջանյանի կուսակցի քվեարկության շնորհիվ դարձել էր համայնքի ղեկավար, սակայն ավագանիում չունենալով մեծամասնություն` չէր կարողացել երդվել եւ անցնել պաշտոնավարման, այլ ստիպված եղավ հրաժարական տալ, որ նոր ընտրություններ կազմակերպվեն:

Իսկ մինչ ընտրությունները Սիսիանի համայնքապետի ժՊ-ն անչափ ուշագրավ գնումներով է զբաղված: 2023 թվականի գնումների պլանից տեղեկանում ենք , որ համայնքապետարանը պատրաստվում է 237500 դրամի անձեռոցիկ ձեռք բերել: 440300 դրամի սնունդ, մասնավորապես ՝ 135000 դրամի կոնֆետ։ 450000 դրամի ավտոլվացման ծառայություններ գնելն էլ է համարվում առաջնահերթություն, 200000 դրամ էլ նախատեսվում է ծախսել թերթերի տպագրական ծառայություններ գնելու վրա: 

Բացի այդ, համայնքապետարանը «Անխոցելի» ՍՊԸ-ից 9375000 դրամի թթվածին է ձեռք բերել Սիսիանի բժշկական կենտրոնի կարիքների համար։

Մինչդեռ ՊԵԿ փաստաթղթերից պարզ  է դառնում, որ 2020-ին տվյալ ընկերության տնօրենը վարչական տուգանքի է ենթարկվել։

Համայնքապետարանը 980000 դրամով սեղաններ է ձեռք բերել Կարեն Գևորգյան ԱՁ-ից։

Մինչդեռ տվյալ ԱՁ-ն 2021-ին հայտնվել էր ՊԵԿ ուշադրության կենտրոնում, քանի որ չէր կատարել իր հարկային պարտավորությունները։