ՀՀ նախագահի ֆավորիտ թեկնածու Արմեն Սարգսյանը «հանրության լայն շրջանակների հետ սերիական» հանդիպումներ է նախաձեռնել: Սակայն ի՞նչ նպատակ են դրանք իրականում հետապնդում, ի՞նչ է ուզում Արմեն Սարգսյանը ճշտել այդ զրույցների ընթացքում՝ դժվար է կռահել: Եթե այդ հանդիպումները նախընտրական են, ապա ինչո՞ւ «լայն շրջանակներին» չի ներկայացվում թեկնածուի նախընտրական ծրագիրը: Եթե ճանաչողական են, ինչո՞ւ չեն լուսաբանվում այնպես, որ հասարակությունը ևս ճանաչի իր ապագա նախագահին:
 
Հանդիպումները նպատակ ունեն օգնելու Արմեն Սարգսյանին՝ ավելի շատ և ավելի խոր հասկանալ այն իրավիճակը, որում ինքը գործելու է: Անկախ «խաղի կանոններից», պայմաններից, պայմանավորվածություններից, որ ունի Սերժ Սարգսյանի հետ, նա լինելու է մի համակարգում, որը կենդանի օրգանիզմ է: Այդ համակարգն ունի մարտահրավերներ, և Արմեն Սարգսյանն իրավիճակը պետք է հանգամանորեն հասկանա: Իրականում, համակարգի ներսում տեղի են ունենում շատ խորքային պրոցեսներ, և ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին կամ ընդդիմադիր հարթակային հայացքից: Սակայն Սարգսյանի այցը Արցախ՝ չես անվանի շարքային: Արմեն Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի նոր իշխանությունը նույնպես ձևավորվում է, այսպես կոչված, արցախյան հիմքով, ակունքով: Դա ինքնին ենթադրում է, որ իշխանության ներսում գործչի ազդեցիկության ցուցիչ է նրա օրակարգում արցախյան փաթեթի առկայությունը: Հիմա, ըստ էության, դրանով էլ զբաղված է Արմեն Սարգսյանը:
 
Սակայն, նույն օրն Արցախ էր այցելել հայաստանյան ներքաղաքական դերակատարներից ևս մեկը: Փետրվարի 10-ին Բակո Սահակյանն ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Եթե Արմեն Սարգսյանի այցի տրամաբանությունը հասկանալի է, և այն ամբողջությամբ տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, ապա Մարգարյանի այցը Արցախ պայմանավորված է ներքաղաքական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ներկոալիցիոն լարվածությամբ, որը սպառնում է ՀՅԴ-ին՝ երկարաժամկետ կտրվածքով դուրս թողնել խաղից: Մարգարյանին Արցախ էր բերել անարոշությունը, որը նա փորձում էր ցրել Բակո Սահակյանի միջնորդության և բարեխոսության արդյունքում: Ըստ ամենայնի` ՀՅԴ-ին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ապրիլյան զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր ազդեցությունը կամ նույնիսկ պահանջարկվածությունը: Սակայն այն, որ Սահակյանի քաղաքական հեռատեսությունը և հոտառությունն ավելին է, քան ողջ ՀՅԴ-ինը՝ միասին վերցված: Սահակյանն, իհարկե, որևէ մտադրություն չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, առավել ևս՝ չունի պատճառ՝ բարեխոսելու օր-օրի հեղինակազրկվող կուսակցության առաջնորդների համար: Այնպես որ՝ ՀՅԴ-ն կրկին մնում է հույսը դնել միայն իր՝ սպառվող ռեսուրսների վրա, և ակնկալել, որ կոալիցիոն գործընկերն ըմբռնումով կմոտենա վերջին շրջանում Դաշնակցության ընդդիմադիր ռևերանսներին և 2022-ին ընդառաջ՝ փոփոխության չի ենթարկի կոալիցիայի բովանդակությունը և ֆորմատը:
 
 
Ստելլա Խաչատրյան