«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա, իհարկե՝ դրանից առաջ չհայտարարելով, որ «գնում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Արմեն Սարգսյանի իրավիճակն այլ է, եւ նա թերեւս չունի այդպիսի խնդիր: Իհարկե, այստեղ մի նրբերանգ այդուհանդերձ կա՝ հաշվի առնելով այն, որ Սարգսյանի առաջադրումից հետո Հայաստանի մի շարք շրջանակներ սկսեցին դիտարկել նրան որպես Արեւմուտքի թեկնածու կամ արեւմտամետ թեկնածու՝ հաշվի առնելով նրա կապերն ու գործունեությունը Մեծ Բրիտանիայում:
Այդ իմաստով տեսականում կարող է լինել խնդիր, երբ Սարգսյանն այդուհանդերձ պետք է «քննություն» կամ «ստուգում» անցնի Մոսկվայում, այսպես ասած՝ անակնկալներից զերծ մնալու համար: Սակայն ֆորմալ տեսանկյունից նրա այցը ունի Սփյուռքի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան հայերի հետ շփման նպատակ: Այստեղ իհարկե հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց Մոսկվան է ընտրել կամ Ռուսաստանն է ընտրել՝ որպես Սփյուռքի շրջանակների հետ շփման մեկնակետ:
Մյուս կողմից, սակայն, այստեղ իրականում ոչ այնքան միջպետական կամ արտաքին քաղաքական խնդիր է, այլ շատ ավելի ներհամակարգային:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայաստանյան ներքին դաշտ, համակարգ է մտնում իր միջազգային կապերի եւ կապիտալի բազայով, այլապես նա կվերածվի զուտ արարողակարգային ֆիգուրի, չի ունենա ներքին դաշտում մրցակցային կշիռ: Իսկ մրցակցությունն այստեղ սկսել է թելադրել ռուսաստանահայ կապիտալը, որը առնվազն պայմանականորեն ներգրավված է ներդրողների հայտնի ակումբի խողովակով:
Արմեն Սարգսյանը մի կողմից՝ մրցակցելու է այս կապիտալի հետ, եւ հավանական է, որ նաեւ այստեղ իրավիճակը հակակշռելու նպատակով է Սերժ Սարգսյանն առաջադրել նրան: Մյուս կողմից, սակայն, հայաստանյան համակարգում իրադարձությունները միայն մրցակցությամբ եւ առավել եւս՝ բաժանարար գծերով չէ, որ զարգանում են, քանի որ համակարգը պարբերաբար ունենում է նաեւ որոշակի հարցերում կոմպրոմիսային հանգրվանների անհրաժեշտություն:
Ի վերջո՝ այդ ամենը խաղի կանոնների ամբողջական շրջանակն է, եւ այստեղ է, որ Սարգսյանի այցը Մոսկվա դառնում է առարկայորեն հետաքրքիր: Այդ այցի ընթացքում նա թերեւս խաղի կանոններն է ճշգրտելու կամ հստակեցնելու իր հիմնական մրցակիցների՝ ռուսաստանահայ կապիտալի կրողների, ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում